Օպերային թատրոնը նոր ղեկավար ունի: Հիշեցնենք, որ նախօրեին կայացած մրցույթի ժամանակ 2-րդ՝ հարցազրույցի փուլ էին անցել Անդրանիկ Արզումանյանը, Գագիկ Մանասյանը և Արթուր Շահնազարյանը։ Մրցույթի արդյունքում հաղթող էին ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը։ Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում հաղթող երկու թեկնածուներից մշակույթի նախարարը տնօրենի պաշտոնում հրամանագրել էր Անդրանիկ Արզումանյանին: Օպերային թատրոնի շուրջ հյուսվող խմորումները նոր փուլ են թևակոխել: Քննարկումների կիզակետում թատրոնի նոր տնօրենն է և մրցութային հանձնաժողովը:
Կոմիտասագետ Արթուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Անդրանիկ Արզումանյանն իր ընկերն է, վաղուց է ճանաչում նրան, շատ գրագետ, լավ մարդ է: Ինչ վերաբերում է հանձնաժողովին. «Հանձնաժողով կոչվածն ուղղակի անեկդոտ էր, կային մարդիկ, որ իրավունք չունեին անգամ ինձ հարցեր տալու, եթե իմ արած գործով չափենք: Ցավոք, գործով չի չափվում, հանձնաժողովում այնպիսի մարդկանց պետք է ընգրկեին, որ գոնե խոսելիս չվիրավորեին թեկնածուներին: Ո՞Ւմ ուզում եք քվեարկեք, ի վերջո, փակ եք քվեարկելու, բայց խոսելու կուլտուրա էլ չկար»: Զրուցակիցս նշեց, որ Կարեն Դուրգարյանը խեղաթյուրված է ներկայացրել իր հայեցակարգը: Թեկնածուն պահանջել է, որ Դուրգարյանը կարդա, թե որ կետում է նման բան գրված, երբ լրիվ ուրիշ բան է գրել իր հայեցակարգում:
Կոմիտասագետը նշեց, որ առաջին փուլում ամենաբարձր միավորներն է հավաքել, իսկ երկրոդ փուլում հանձնաժողովի անդամները անիմաստ հարցեր են տվել, հետո փակ քվեարկել:
Նոր տնօրենի անունը գաղտնի էր պահվում նախընտրական շրջանում, արդյունքում կարծիք է ձևավորվել, որ մրցույթի ելքն ի սկզբանե կանխորոշված էր: Մեր այս դիտարկմանը անդրադառնալով` կոմիտասագետն ասաց, որ հարցն այն չէ, թե ով է ընտրվել թատրոնի տնօրեն, խնդիրը նման հանձնաժողովների գոյությունն է: ՈՒ հավելեց, որ այդ մրցութային թոհուբոհում ամենաբարոյական մարդը Անդրանիկ Արզումանյանն էր:
Ասում են նաև, որ նոր տնօրենը ծանոթ չէ հայաստանյան մշակութային կյանքին, օպերային թատրոնի գործունեությանը: «Օպերային թատրոնն այնպես են ավերել, որ ծանոթանալու բան էլ չկա: Պետք է զրոյից սկսել»,- հակադարձեց կոմիտասագետը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ